Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ՄԻ բաժակ դառը սև սուրճ ու մի կտոր լռություն...  

Աշխարհի ամենահեռավոր անկյունի միակ սրճարանում ինձ լավ են ճանաչում: Արդեն մի քանի օր շարունակ այս սրճարան եմ գալիս, նստում եմ պատուհանի կողքին դրված սեղանի մոտ ու մի բաժակ դառը սև սուրճ պատվիրում:

Աշնանային մռայլ մի օր որոշել էի դրսում սուրճ խմել: Աշունը սուրճ խմելու իսկական եղանակ է, փողոցները նման են դառը սև սուրճի, իսկ եղանակը` սուրճից հետո մնացած տհաճ համի: Մտքերով տարված քայլում էի, երբ լսեցի թե ինչպես է ինչ-որ մեկը Մոցարտի «Թուրքական քայլերգ»-ը նվագում: ՈՒսանողական տարիներին սովորել էի տարբերել որակյալը անորակից, բայց երբեք առօրյայում չէի կիրառել:
Հանկարծ մտքերս ցրվեցին, և ես վերադարձա իրականություն: Պարզվեց` կանգնած եմ ինչ-որ անծանոթ փողոցի մեջտեղում, որտեղ բացի իմ զարմանքից ու երաժշտությունից, որի հնչյունները նոր թխած հացի բույրի նման տարածվում էին ամբողջ թաղամասով, ուրիշ ոչինչ չկար: Զարմացած դեմքիս ժպիտ հայտնվեց, երբ հասկացա, որ երաժշտությունը դիմացի սրճարանից է գալիս: Արագ քայլերով մտա սրճարան:

Լուսավոր, գեղեցիկ ու, ամենակարևորը, տաք սրահը այդքան էլ մարդաշատ չէր: Մի զույգ կար նստած, մի տղամարդ,երկու մատուցողուհի ու այն աղջիկը, որը դաշնամուր էր նվագում: Նստեցի պատուհանի կողքին դրված սեղանի մոտ, որտեղից լավ երևում էր դաշնակահարուհին ու մի բաժակ դառը սև սուրճ պատվիրեցի:

Նա գեղեցիկ դիմագծեր ու տխուր աչքեր ուներ, իսկ կարճ կտրած մազերը հազիվ էին ծածկում պարանոցը: Նա այնպես էր զգում երաժշտությունը, կարծես` ոչ թե սրճարանում երաժշտությունից չհասկացող հաճախորդների համար էր նվագում, այլ հենց Մոցարտի, Բախի, Բեթհովենի ու էլի նման արվեստագետների:
Վառեցի ծխախոտս ու սուրճիցս մի կում արեցի: Եվս երկու ստեղծագործություն նվագելուց հետո նա փակեց դաշնամուրն ու արագ քայլերով դուրս եկավ սրճարանից:

Սրճարանը դատարկվեց...

Խնդրեցի հաշիվն, ու ես էլ դուրս եկա, խոնավ փողոցներից դատարկության հոտ էր գալիս: Տուն մտա ու անմիջապես բացեցի լուսամուտը, ծխախոտի ճնշող հոտը մտել էր պատերի մեջ, հանեցի վերարկուս ու շորերով մտա անկողին:

Մեքենաների ձայնից արթնացա, նայեցի ժամացույցին. Տասներեքն անց տասնյոթ էր: Լվացվեցի ու արագ քայլերով դուրս եկա տանից, շտապելու տեղ երբեք չեմ ունեցել, բայց միշտ զգացել եմ, որ ինչ-որ կարևոր բանից ուշանում եմ ու ուշացա: Սրճարանում մի խումբ երիտասարդներ, անտարբերությունը դեմքներին քաշած, իրար կողքի միայնակ նստած, բջջային հեռախոսները ձեռքերին, խոսում էին աշխարհի հետ:

Դանդաղ,բայց հստակ քայլերով մոտեցա ինձ համար արդեն հարազատ դարձած սեղանին, որը կարծես, հավատարիմ կենդանու նման ամեն օր նույն ժամին ինձ էր սպասում: Պատրաստվում էի նստել,երբ սրճարանի պատերից անճաշակ երաժշտություն սկսեց ներս թափվել: Նոր միայն նկատեցի, որ դաշնամուրը չկա,իսկ դաշնակահարուհին, ում անունը դեռ առաջին օրը պիտի իմացած լինեի, այդտեղ չէր: Սրճարանից դուրս գալու փոխարեն՝ փլվեցի աթոռին ու առաջին անգամ պատուհանից դուրս նայելով՝ մի բաժակ դառը սև սուրճ ու մի կտոր լռություն խնդրեցի:


Ազգանուշ Մկրտչյան
________________________________________

Armweeklynews.am [19.06.2017]
ՄԻ բաժակ դառը սև սուրճ ու մի կտոր լռություն...



© 2011-2017  Կապը »  Contacts  ԱԱԱյցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  Վահան Թէքէեան  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
ՔԻՉ ՄԸ ԽԵՆԹՈՒԿ [16.06.2017]
ԽԱՉԱԿԻՐՆԵՐՈՒ ՕՐԵՐԷՆ ԵԿԱԾ ՀԱՅԸ [12.06.2017]
Նկարչուհի Նորա Ազատյանի կտավների հետահայաց ցուցահանդեսը ԱՄՆ-ում [22.05.2017]
Ամէն տեղ կ՛ապրինք հայ և օտար մեր լեզուովն ու ճակատագրով [27.02.2017]
Գաբրիէլ Երանեան – “Կիլիկիա“ եվ “Հայաստան Երկիր Դրախտավայր“ երգերի հեղինակ [04.05.2017]
Պոլսահայ Համայնքի Աղջկանց Որբանոց Գալաֆաեան Տան Յոբելենական Ձեռնարկները [26.04.2017]
Մելգոնեանի Հոգաբարձուները ... [26.04.2017]
Վարդգէս Գուրուեան - Ալիսը [25.04.2017]
Դասընկերներս-Վարդգէս Գուրուեան [21.04.2017]
ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ՄՕՆԱՔՈՅԻ ՄԷՋ [19.04.2017]
Մեր Գիշերապահները [19.04.2017]
Մելգոնեանի Պաշտօնեաները [17.04.2017]
Անգլերէնի Մեր Ուսուցիչները [17.04.2017]
 Արխիվ » 2011-2017