Armweeklynews.am   ՄՇԱԿՈՒՅԹ 

Հայր Սավվան ասել է. ամուր հավատքով քրիստոնյա լինելու համար անհրաժեշտ է խաչի հանել սեփական կրքերն ու ցանկությունները:Բայց ասված է, որ խաչելուց առաջ խաչափայտ պետք է կրել, ճամփա գնալ , զգալ դրա ծանրությունն ու թեթևությունը, տանել մինչև խաչափայտի բարձունքը , հետո նոր խաչի հանել

ԻՄ ԽԱՉԱՓԱՅՏՆ ԻՆՁ ՇՆՈՐՀ ԱՐԵՑԻՆ

Հայր Սավվան ասել է. ամուր հավատքով քրիստոնյա լինելու համար անհրաժեշտ է խաչի հանել սեփական կրքերն ու ցանկությունները:

 Բայց ասված է, որ խաչելուց առաջ խաչափայտ պետք է կրել, ճամփա գնալ , զգալ դրա ծանրությունն ու թեթևությունը, տանել մինչև խաչափայտի բարձունքը , հետո նոր խաչի հանել.. խաչին տալ ամենը, ինչ ունեիր հողեղեն:

 Պատրաստի խաչափայտ չկա, որ գնաս, ասես, սա իմն է և խաչի հանես կրքերդ ու ցանկություններդ: Ոչ ոք պարտավոր չէ և չի էլ կարող իր ուսերին քեզ համար խաչափայտ կրել մինչև բարձունք: Ինքդ ես տանելու:

Հայր Սավվան ասել է ՝ խաչի հանիր, բայց հո գիտես որ մինչ այդ խաչափայտի պետք ունես, պիտի կրես քո ուսերին: Կրքերի ու ցանկությունների խաչափայտը բեռ չէ, ցանկալի երազանքի մարմին է, որ երբ պարզի թևերը քեզ համար, խաչի ուրվագիծ է ունենալու… գրկած ես տանելու:

Ամեն խաչափայտ Գուլգուտա տանող ճանապարհի համար չէ: Խաչափայտը տալու են, եթե կանչվոր ես: Գամերը խաչափայտի հետ են լինելու , երկուսը, մեկը՝ կրքերի , մյուսը՝ ցանկությունների համար:

 Հայր Սավվան ասել է ՝ խաչի հանիր… բայց պիտի կարողանաս բոլոր կրքերդ ու ցանկություններդ ի մի հավաքել, ոչ մեկը չմոռանալ անցյալում կամ ներկայում:

Եթե անգամ մեկը մոռանաս, ինչ իմաստ ունի խաչելության ճամփան:

Երբ ժողովես ու խաչափայտդ էլ տեղ հասցնես, նրա աջ ուսին գամիր կրքերդ, ձախ ուսին՝ ցանկություններդ:

Դու կճանաչես քո խաչափայտը, նա ուսերի աջ և ձախ կողմերում ոսկրե նուրբ գամեր կան, աջը՝ կրքերի, ձախը՝ ցանկությունների համար: Նրանց վրա կմարի ամենը:

Բազում ուսեր տեսա, գամերը չկային, իմ խաչափայտը չէին:

Ես դեռ ամուր հավատքով քրիստոնյա չեմ դարձել, ինչպես Հայր Սավվան է ասել:

******

Ամեն կիրակի եկեղեցի էի գնում: Միայն կիրակի օրերը: Պարտաճանաչ էի, համոզված , որ կարգն է այդպես: Կիրակնօրյա մոմ էի վառում՝ միայն քաղաքի հին եկեղեցում: Նորից խուսափում էի: Եկեղեցին միայն պատեր չեն:

Որ խաչագագաթ և սուրբ միռոնով օծված նոր շինությունը եկեղեցի դառնա, տասնյակ տարիներ են պետք: Որ շինությունը եկեղեցի դառնա, տասնյակ հազարավոր մարդկանց աղոթքի շունչ պետք է ներծծեն պատերն ու առաստաղը՝ մինչև երկնքին հասանելի տոնայնություն ստանա արձագանքը:

 Տասնյակ հազարավոր մարդկային ծնկներ պետք է մաշեն հատակի փայլեցված սալերը՝ մինչև փայլը վերածվի մագաղաթի խամրանքի :

Հարյուր հազարավոր մոմերի եթերային յուղը եղյամի պես պետք է ի վերջո իջնի սրբապատկերներին՝ մինչև ապաշխարողի համբույրը խորհրդավորության համ ունենա:

Ասված է .՛՛Կիրակին Աստծունն է՛՛:

Միշտ խուսափել եմ այս հարցի շուրջ խորհելուց. կիրակին Բարձրյալի՞նն է, մե՞զ է շնորհ արված, որ հոգեկան ու մարմնական հանգիստ վայելենք , թե` կիրակին Բարձրյալինն է, մենք պարտավոր ենք հրաժարվել այդ օրից և աշխարհիկ ոչինչ չանել:

Շաբաթվա վեց օրը քոնն է , իսկ յոթերորդը, աշխարհաստեղծ պահից ի վեր ՝ Բարձրյալինը: Կարծես անարդար է. ինչու յոթ օրն էլ Բարձրյալինը չէ:

Մենք ի՞նչ ենք անում մեր բաժին օրերի հետ: Մենք գիտե՞նք ինչ անել մեր բաժին օրերի հետ:

Միթե՞ միայն մեկ օր Տեր ունենք, իսկ վեց օր՝ անտեր ենք, փորձության գերին:

Այդպես էր միտքը և դիրքը մինչև կիրակին ինձ շնորհ արեցին:

Հիմա ես հաճախ եմ գնում եկեղեցի, բայց ոչ կիրակի օրը: Դա արդեն շաբաթվա օր չէ, դա արդեն կիրակի է:

Իմ կիրակին ինձ տվեցին:

******

Երկար ու ձիգ տարիներ լռել եմ այս մասին, գաղտնիք չէր, բայց գաղտնիքից էլ կարևոր էր ինձ համար: Հիմա կխոստովանեմ, քանի որ արդեն կիրակին ինձ են տվել:

Եկեղեցում հավատացյալը պատշաճ վարվելակերպ պետք է ունենա: Կանայք՝ գլխաշորով, հեզ, միայն խորանին և երբեմն հատակին նայող աչքերով , ամեն խոսք՝ շշնջյունով: Հագուստը ծածկող, բարեպաշտ ՝ միայն դեմքի բացություն: Իրար հպված զույգ ափերն առաջ պարզած ՝ ասես բաժանանար պատ՝ միայն ծալքերով նշմարվող ստինքների համար:

Տղամարդիկ գլխահակ, իրենք իրենց մեջ ամփոփված , ձեռքերի ափերը խաչված՝ մի ժամանակ պորտալարի կապի ուղղությամբ, ասես փորձում էին հիշել իրեց ծնունդը և կապն այն աշխարհի հետ, որտեղից եկել էին նորածնի ճիչով:

Եկեղեցում տղամարդիկ չեն նայում կանանց կողմը ադամորդու հայացքով, կանայք էլ չեն պատասխանում , հայացքները չկտրելով խորանից:

Կանայք՝ խորանին մոտ, տղամարդիկ՝ խորանից հեռու, պատարագի համբերությամբ: Նրանց հայացքները չեն հանդիպում:

Այսպես ամեն կիրակի՝ մինչև կեսօր:

Հետո, համոզված եմ, որ շատերը , այդ թվում՝ նաև ես , մոռանում են, որ կիրակին Բարձրյալինն է և վարվում են նրա հետ, ինչպես այլ օրերի հետ:

Եթե կիրակին մերը չէ, ինչպե՞ս վարվենք նրա հետ: Չէ որ այն միայն յոթերորդ օրն է գալիս, իսկ մինչ այդ վեց օրվա փորձ ունենք՝ միօրինակ:

Այդ կիրակի, խոստովանում եմ, էլի միայն սովորույթի ուժով, եկեղեցի գնացի:

Սկզբում մի պահ կանգնեցի ափերը խաչվածների շարքում, հետո մոմ գնեցի, հեռացա մոտեցա պատի տակ դրված մոմակալին, վառեցի, անգիտակից աղոթք շշնջացի և անթարթ նայում էի , ինչպես է մոմը վառվում և ինչպես հազիվ նշմարելի եթերային սևությունը ծուլորեն բարձրանում վերև, արձագանքելով երգչախմբի շարականների ալիքներին:

Գիտեմ , որ ներքուստ մեղսավոր միտք ունեմ, որ պատարագները երկար են տևում,երգչախումբը նույն շարականներն է երգում: Համբերության պակաս կա, ուզում ենք շուտ դուրս գալ, որ կիրակին տնօրինենք, ինչպես մենք ենք ուզում, ինչպես մեր փորձն է հուշում:

Երբեմն չգիտես, ինչպես անցկացնես ժամանակը՝ Պատրաստությունից մինչև Արձակում:

Այնքան ես նայել սրբապատկերներին , այնքան ես պատրաստվել ու արձակվել, որ մանրամասն գիտես ամեն մի գիծ ու երանգ: Հավաքված կանանց միայն բաց դեմքին և վերևից ներքև փակ հագ ու կապին նայելն էլ հետաքրքիր չէ և ընդունված չէ:

Սովորաբար մտածում էի վաղվա մասին: Կիրակին իմը չէր, ասված էր և այն էլ՝համոզիչ, իսկ հաջորդ օրն արդեն գործեր, վազք, վեճ ու հաշտություն, կիրք ու անտարբերություն…ասում են չէ, որ երկուշաբթին ծանր օր է: Մտովի միշտ մեկ օր առաջ էի անցնում:

Իմ համար կիրակին ավելին ծանր էր: Ամեն կիրակի ես եկեղեցում մտոք երկուշաբթի օրն էի ծանր ու թեթև անում:

Ձևի մեջ ի՞նչ քրիստոնյա:

Դեմքիդ մտախոհ ու բարեպաշտ մեկի արտահայտություն ես տալիս, հետո փորձում մինչև պատարագի ավարտը միտքդ զբաղեցնել՝ ինչպես հաջողի, օրը գիտի:

Եվ մի օր էլ …հանկարծակի լռություն: Այնպես, որ անգամ լսեցի մոմի հալոցքը: Շրջվեցի զարմանքով ու վախով: Եկեղեցին լի էր մարդկանցով: Երգչախումբը երգում էր: Ես տեսնում էի նրանց շուրթերի շարժումը, բայց ոչինչ չէի լսում :

Առաջին վախվորած միտքը. միթե՞ խլացա: Բա մոմի հալոցքի ձայնն ինչպես եմ լսում: Ինձ թվաց , որ այս բառերն այնքան բարձր արտասանեցի, որ կարող էր ողջ եկեղեցին լսել և անգամ երգչախմբի խմբավարը հանկարծակի գար:

Ոչ ոք չշրջվեց: Ես նույնիսկ ինքս ինձ չլսեցի , թեև կոկորդիս ձայնալարերն ուժեղ արտաբերումից դեռ ցնցվում էին չորությունից:

Վիճակիս հակիրճ և առանց հուզական գունազարդման նկարագրությունը.

Ամեն կիրակի ես գնում էի եկեղեցի: Էլի պարտադրված: Այս անգամ ՝ այլ շարժառիթով:

Ամեն անգամ ուզում էի իմանալ՝ արդեն ասուն եմ , թե՝ ոչ: Բայց էլի խուլ ու համր էի: Չէի լսում և ոչ ոք ինձ չէր լսում: Առավոտյան մտնում էի Ներսը, ուր մարդաշատ էր ու բացարձակ լռություն, մի կողմ քաշվում , մոմ վառում և պարբերաբար ստուգում, թե արդեն լսու՞մ եմ, ինձ լսու՞մ են:

Միշտ նույն բառերն էի բղավում. իսկ մոմի հալոցքն ինչպե՞ս եմ լսում: Ոչ ոք չէր շրջվում, չէր արձագանքում և իմ հարցին չէր պատասխանում:

Վստահ էի ,ինձ ոչ ոք չէր լսում, ոչ երկրի վրա, ոչ՝ երկնքում: Իսկ ես շարունակում էի լսել միայն իմ մոմի հալոցքը, դրա համար էլ մոմը մոմի ետևից էի վառում:

Ես ընդամենը մոմ վառող էի: Այսպես ողջ կիրակին: Եկեղեցուց արագ դառնում էի տուն ու դուրս չէի գալիս: Ոչ մեկի հետ չէի շփվում: Հեռախոսի զանգը չէի լսում, բայց տատանումները զգում էի: Չէի պատասխանում: Մինչև երկուշաբթի:

Երկուշաբթի առաջվանն էի:

Եվ լսում էի և ինձ էին լսում: Կիրակին իմը չէր: Գրված չէր, ինձ համար փաստ էր:

Ասեմ, որ շաբաթվա ընթացքում երբեմն գնում էի եկեղեցի: Պատարագ չկար, ամեն ինչ առաջվանն էր, ներսը մարդաշատ չէր, սակայն և լսում էի, և ինձ էին լսում: Թեև մոմիս հալոցքը չէի լսում:

Հետո դադարեցի գնալ այլ օրերին, ինչ իմաստ ուներ: Միայն կիրակի օրն էի գնում, որ ստուգեմ. ինձ կլսեն, ես կլսեմ, թե ՝ոչ:

Ստուգում էի պատարագի Պատրաստությունից մինչև Արձակում, հետո փախչում, կրկին պատսպարվում տանը:

Երկուշաբթին ամենասպասելի օրը դարձավ ինձ համար: Մեկ ուրիշը, իմ վիճակում, կդադարեր կիրակի օրը եկեղեցի հաճախելուց: Ինձ համար դա արդեն հետաքրքիր դարձավ: Պատարագի ժամանակ կանգնում էի մոմակալ սեղանի ետևում , մեջքով հենվում անկյունին, դեմքով՝ դեպի խորանն ու հավատացյալների խումբը, և բարձրաձայն խոսում ՝ ինչ մտքովս անցներ այդ պահին , երբեմն ձայնակցելով երգչախմբին:

Ինչ ուզում, ում ուզում , այն էլ, նրան էլ ասում էի՝ բարձրաձայն…..մեկ է, ոչ ես էի լսում, ոչ էլ՝ ինձ էին լսում:

 Պատարագները երկար էին, հասցնում էի ողջ շաբաթվա կյանքս պատմել, անգամ բաներ ու դիպվածներ, որ այլ պարագայում չէի բարձրաձայնի: Ես չէի աղոթում, ես զրուցում էի ինքս ինձ հետ ու բոլորի հետ:

Պատմում էի ամեն մանրամասնություն իմ կյանքից….ինչու չասել, եթե անգամ ինքդ քեզ չես լսում: Խոսում էի պատարագի ողջ ընթացքում, առանց դադարի:Եվ զարմանք, պատարագն այլևս երկար չէ թվում, ինչպես առաջ էր: Երբեմն ասելիքս կիսատ էր մնում և հատուկ ամրագրում էի հիշողությանս մեջ, որ հաջորդ կիրակի շարունակությունը բարձրաձայնեմ:

Կիրակի օրը բոլորը լուռ էին եկեղեցում, բացի ինձանից, ես չէի լռում:

*******

Տարվա եղանակն ՝ ամառ: Օրը կիրակի: Օրվա ժամը`հով առավոտ: Նախորդ օրն անձրև էր եկել և օդում թարմություն կար:Ես սպիտակ վերնաշապիկով էի: Առաջին անգամ մոռացա առավոտյան սուրճին քաղցր գցել, դառը կում արեցի, հետո փաստն արձանագրելուց հետո շարունակեցի ըմպել: Դառը սուրճն էլ վատը չէ: Ինչպես միշտ, անջատեցի հեռախոսը:

Ես անհասանելի եմ կիրակի օրը, քանի որ չեմ կարող պատասխանել: Ես ամեն կիրակի խուլ ու համր եմ այլոց համար:

Մինչև եկեղեցի քայլում ու բարձրաձայն քայլերս էի հաշվում՝ մեկ, երկու, երեք….: Մինչև եկեղեցու դուռը 888 քայլ էր: Նույնիսկ զարմացա այդ կարգի համընկնումից: Էլի կփորձեմ, կարող է հաշվելիս սխալվել եմ:

 Կիրակնօրյա պատարագը նոր էր սկսվում: Սովորականից մարդաշատ էր եկեղեցին: Հազիվ կարողացա զբաղեցնել իմ անկյունը: Մոմ վառեցի և չսպասելով երգչախմբին, սկսեցի իմ հերթական բարձրաձայն մտածմունքը:

Իմ դատարկած սուրճի բաժակից մինչև եկեղեցու դուռը 888 քայլ է, ասացի, և փորձեցի հաշվել, թե՝ մոտավորապես, քանի մետր կլինի տարածությունը, եթե ես համեմատաբար բարձրահասակ եմ և քայլքս էլ կարող է սովորականից մեծ լինել:

- 777,-կողքից լսեցի կանացի մեղմ ձայն,- հետաքրքիր թիվ ստացվեց:

Զարմացած նայեցի իմ կողքին կանգնած կնոջը: Նա իմ կողմը չէր նայում, դեպքով դեպի խորանն էր , իսկ սպիտակ գլխաշորի տակից բարակ մի մազափունջ իջել էր ձախ այտին և չկարողացա տեսնել, թե ուր են նայում աչքերը:

 - Ինչու՞ հենց այդքան, -հարցրի ես:

 Կինը ցնցվեց և զարմանքով ու անհանգիստ ինձ նայեց: Կիսաբաց շուրթերը պատրաստվում էին ինչ-որ բան ասել, սակայն դեռ չէին կարողանում, իսկ բաց, շագանակ աչքերը տարօրինակ անվստահությամբ ինձ էին նայում:

-Միթե դուք ինձ լսում եք,-դողացող ձայնով հարցրեց նա:

- Այո,իհարկե -անտարբեր ու կեղծ վստահությամբ ասացի ես, թաքցնելով սեփական շփոթմունքը:

-Էլ ինչ լսեցի՞ք,-տագնապով հարցրեց կինը, փորձելով ափերի սահանքով ավելին ծածկել գլխաշորի մեջ պարուրված դեմքից:

-Ասացիք 777 և որ հետաքրքիր թիվ է,-պատասխանեցի ես,- միայն այդքանը:

Կինը փոքր ինչ հագստացավ, սակայն դեռ աչքերի մեջ տագնապ ու զարմանք կար:

-Գիտեք, առավոտյան գալիս էի եկեղեցի և հանկարծ որոշեցի հաշվել քայլերս մինչև եկեղեցու դուռը:

-Եվ ի՞նչ,-հարցրի ես: - Զարմանալի զուգադիպություն էր՝ 777 քայլ: Վաղը նորից կհաշվեմ, գուցե սխալվել եմ:

Ես լուռ էի: Ինքս ինձ հետ բարձրաձայն չէի խոսում, թեև լսում էի մոմի հալոցքը: Կրկին բացարձակ լռություն էր:

 Տեսնում էի երգչախմբի անդամների շուրթերի շարժումները, սակայն շարականներ չէի լսում: Իսկ այս կինը լսում է ինձ և ես լսում եմ նրան:

- Ներեցեք, դուք դեռ լսու՞մ եք ինձ,-հարցրեց կինը մեկ քայլ մոտ գալով այնպես, որ արդեն շշնջյունն էլ հասանելի կլիներ:

-Իհարկե, իսկ ինչու՞ պետք է չլսեի, - հարցրի ես:

Կինը չպատասխանեց, նորից աչքերը թաքցրեց սպիտակ քող գլխաշորի տակ: Նա երևի պատասխանը չգիտեր, փնտրում էր:

Ես չէի փնտրում, ես հարմարվել էի իրավիճակին: Ասե՞լ, թե` չասել..ասե՞լ, թե` չասել …ասե′լ:

- Միայն դուք եք ինձ լսում, մնացյալը չեն լսում, -խոստովանեցի ես:

****

Հիմա կիրակի օրը եկեղեցի չեմ գնում:

Իմ կիրակին օր չէ, չունի 24 ժամ, ժամանակի մեջ թափառող հավերժություն է:

Ես բացեցի նրա ուսերը և տեսա գամերը, երկու փոքրիկ, նուրբ ոսկրե ելուստներ, որ չունեն այլոք:

Ես արդեն ճամփա եմ ընկել՝ ամեն կիրակի: Ես առավոտյան բարի լույս եմ ասում նրան, կեսօրին՝ բարի լույս, երեկոյան՝ էլի բարի լույս:

Իմ կիրակին բարի լույսի ուրախությունն է: Ասա բարի լույս և միշտ առավոտ կլինի:

Իմ կիրակին գեղեցիկ է , նման աշնան արևոտ արշալույսին … շուրթերի կորությունը զարմանալի է՝ հյուսված թախիծից ու հրճվանքի հևքից :

Նրա շնչառության հետ ալիքվող կրծքի ու թրթռացող ռունգերի մեջ խտացվել է բոլոր ժամանակների կանանց հմայքը:

Հայացքն ինչպես գիշերային աստղաթափ… միայն հասցրու երազանք պահիր մտքումդ , քանի դեռ չես խենթացել միայն գեներով ծանոթ բույրից:

 Նուրբ ուսերի վրա զույգ ոսկրե գամերը՝ մոմակալներ, շուրթերդ մոմեր դարձրու, վառիր ու վառվիր, հալվիր, լսիր հալոցքը , որ պիրկ կաթիլի պես կախվես , ասես անդունդի եզրից:

Կոնքերը ծաղկաթերթի սահանքով՝ գլխապտույտ վայրէջք ու վերելք, մինչև սեղմող մատներդ հպվեն իրար՝ արյուն սառեցնող զարմանքով:

Ինչպես մանչուկ, այտերից զգում ես սպիտակ շոկոլադի նրբություն ու համ, ասես մանկության անհագ երազանք:

Իմ կիրակին զրուցարան է: Խոսիր որքան կամենաս… ինչպես քարերի վրայով արագ թռչկոտող լեռնային առվակ:

 Միայն երկուսդ եք լսում, և նա, ով նվիրեց կիրակին: Իմ կիրակին դրախտից հիշատակ մնացած բնապատկեր է, նայիր ու նայիր ….

Դու ուզում ես ներս գնալ, մի պահ լուծվել կանաչ երանգների մեջ, ննջել խաղաղված , անընդհատ շնչելով գարնանային բացատի օդում թափառող թուրմի գոլորշին:

Դու ուզում ես պարել անվերջ, թեթև հպված վայրի նուռ կրծքերին, դանդաղ, թեթև շնչով, ափերիդ մեջ շոյելով երկար, բարակ մատների տաքություն, ուսերիդ վրա զգալով նուրբ թևերի անբնական փափկությունը:

Իմ կիրակին բոլոր զգայարաններիս հյուրընկալ պատյանն է, ծանոթ ու անծանոթ կրքերիս ու տենչանքներիս արծաթափայլ հայելին: Որ լսում է իմ սրտի ամեն տրոփյուն, ով զգում է աչքերիս մեջ պահով անցնող ամեն ցանկություն:

Զգա տիեզերքի անկշռելիությունը… Դեռ ժամանակ կա մինչև Գուլգուտա…

Էդիկ Հովսեփյան

2015

© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Էդիկ Հովսեփյանի

Տեր, ընդունիր ինչպես կանք


նովելների շարքից

      
ՄՇԱԿՈՒՅԹ-ԼՐԱՀՈՍ

Կ.Շ - Չարենցյան ողջույն եմ հղում քեզ, իմ բարեկամ[12.03.2016]

ԿԵՑՑԷ ԼՈՒՐԻ ԹԱԳԱՒՈՐԸ [07.03.2016]

Արաքս. Հայելի՛ս, եկուր հաշտուինք, մահկանացու եմ եւ մեղաւոր [07.03.2016]

Ջեմմա Բաղդադյան-Մենք կորցրել ենք ամենանվիրականը, բայց ոչ՝ արժանապատվությունը[12.12.2015]

ԱԶԷԶԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՔԻԼԻՍՑԻ,ԱՅՆԹԷՊՑԻ,ԿԻԼԻԿԵՑԻ ԵՎ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻ ԷՐ [24.02.2015]

Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան-ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԵՐ ԼԵԶՈՒԻՆ [22.02.2016]

Բաղդասար Արզումանյան-Վանաձորը հիշում է իր երախտավորներին [16.02.2016]

Տեառնընդառաջը՝ Վանաձորի Մէջ [20.11.2015]

Bedros Turyan (1851-21 Ocak 1872) - ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ [13.02.2016]

Գագիկ Շոլինյան- Մոնթե [28.01.2016]

Վարդգէս Գուրուեան-Հայերս շինենք, թուրք սրիկաները թող վայելեն [19.01.2016]

ԱՆՄԵՂ ՁԱՅՆԸ ԽՂՃԻՍ- ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ [18.11.2015]

Քնացած Տօնածառը... Այնճարէն Պէյրութ ընդամէնը մէկ ժամ է [16.01.2016]

ԿԱՆԹԵՂ - ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ ՉԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ [15.01.2016]

ՆԱՀԱՏԱԿ ԱՂԱՒՆԻՆ ՛՛ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ՛[13.01.2016]

Էդիկ Հովսեփիան - Յ. Շտրաուսի անձրևի մեղեդին կաթիլ առ կաթիլ [12.01.2016]

Երկրաչափական արվեստը- 1.618 [08.01.2016]

Էդիկ Հովսեփյանի ՏԵՐ, ԸՆԴՈՒՆԻՐ ԻՆՉՊԵՍ ԿԱՆՔ նովելների շարքից [03.01.2016]

Վանաս – Չէ՞ որ գիտեմ ինձ սիրում ես... [02.01.2016]

Օվսաննա Բաղումյան – Հուսահատ երազողների ժամանակը [27.12.2015]