Armweeklynews.am   ՄՇԱԿՈՒՅԹ 

Ինչպես աղանդավորի մոլորությունը, մարդիկ կարծում են, որ բոլոր հիշողությունները տերունական են, անհատական, ամեն հիշողություն բակապահ շան պես իր տերն ունի: Մոլորություն է:

 ******
Մացուո Բասյո (1644–1694)
Օ, ինչ արագ է թռչում լուսինը.
Իսկ անշարժ ճյուղերից
Դեռ կախված են անձրևի կաթիլները:
******
Պատահականության խաչմերուկում.

- Կանգնել եք շատ մոտ , քննող ու խորհրդավոր հայացքով անվերջ նայում եք:

- Ներող եղեք, ուզում էի գրել իմ առաջին հոքքուն, ինչպես միջնադարի ճապոնացի սամուրայները և հանկարծ տեսա ձեզ:

- Դուք սամուրա՞յ եք ուզում դառնալ:

-Ոչ, ես ուզում եմ գրել իմ առաջին Հոքքուն: Ընդամենը:

- Փորձեք գրել: Ես ինչո՞վ կարող եմ օգնել:

- Դեռ չգիտեմ…ո՞վ եք:

 - Ո՞վ եմ…ես չեմ ասի իմ անունը, ինքներդ գուշակեք:

-Եթե ասեմ ով եք, ստիպված կլինենք մնացյալ կյանքում հետևել ինձ:

- Ինչու՞:

-Որովհետև հիմա ես կգրեմ հոքքու ձեր մասին:

- Ինչպե՞ս: Եթե անծանոթ ենք և անգամ չգիտեք ով եմ ես:

- Միջնադարյան Ճապոնիայում ավանդույթ կար, օրիորդը երբեք չէր ասում իր անունը ոչ մի տղամարդու: Ում որ առաջինը ասեր անունը, նրան էլ պարտավոր էր հետևել ողջ կյանքում:

- Գուցե , բայց ես չեմ էլ պատրաստվում ասել իմ անունը: Եվ հետո, ստիպված եմ ձեզ հիասթափեցնել, ես վաղուց հետևորդ եմ՝ ըստ կարգի:

- Միևնույն է, ժանրի օրենքով իմ առաջին հոքքուն միայն անուն է լինելու:

- Այդ դեպքում ինչու եք կարծում, որ հետևելու եմ ձեզ, եթե չգիտեք իմ անունը:

- ճապոներեն ՛՛հետևել՛՛ բառը երկու իմաստ ունի՝ գնալ ինչ-որ մեկի հետ և միշտ հիշել ինչ- որ մեկին: Իսկ դուք գիտե՞ք ձեր իսկական անունը:

- Զարմանալի մարդ եք և զարմանալի հարցեր եք տալիս: Իհարկե գիտեմ , ծնողներս ինչպես անվանել են , այդպես էլ կամ մինչ օրս:

- Իսկ դուք գիտե՞ք, ովքեր են Ձեր աշխարհ բերել ու անուն դրել:

- Դուք արդեն խենթի տպավորություն եք թողնում: Ինչպես կարող է մարդ չիմանալ իր ծնողներին, երբ ապրել է նրանց հետ:

-Ուզում եք ասեմ, ո՞վ եք դուք:

-Փորձեք: Ո՞վ եմ …

**********

Դու սիրում ես անձրևը՝ ինչպես մաքրության խորհուրդ, ինչպես հարսանեկան սպիտակ քողի հոսք, որ մերկ մարմնի վրայով անընդհատ սահում է ցած, ինչպես բարակ ջրվեժ՝ կաթիլների ճչուն խաղով ուրվագծելով իր ետևում թաքնված ջրահարսին: Դու սիրում ես թաքնվել անձրևի շիթերի ետևում, որ կույրի պես միայն թացությունը շոշափելով հասկանան որտեղ է երկինքը, որտեղ՝ երկիրը: Իսկ նա՝ երկնքի և երկրի արանքում:

Դու սիրում ես տաք անձրևը՝ ինչպես երազի խոնավ համբույրներ , որ շիթերով սահում են ցած՝ մեկ թաց շորերը հպելով մարմնին, աշխարհաստեղծ կաղապարի պես, ուր Վեներան էր ձուլվել ծովի փրփուրներից, ասես փակում, պահպանում են մահկանացուների աչքից հին աստվածներիի համար: Մեկ էլ հանկարծ անձրևի շիթերը հորդում են ուժգին, պրկված նյարդերի փնջի պես, մազերի թաց հյուսքերի հուշանքով ներքև սլանում, համառ ու վավաշոտ ձեռքերի պես մխրճվում մետաքս հագուստի ու արծաթ փայլով մարմնի բոլոր արանքներն ու ծալքերը , իրենց հորդացող թացությամբ ստիպելով ներքև սահել հյուսվածք լաթերին, որ մահկանացուն տեսնի հին աստվածների բաժինը:

 Դու սիրում ես աչքերդ ձեռքերի պես փակող անձրևը, որ հայտնվում է թիկունքից , փակում դրանք և հարցնում ՝ գիտես, թե ո՞վ ես:

Գուցե դու հենց անձրևն ես, որ պիտի փղոսկր ճակատից սահեն ցած, կաթիլներով ծանրացնեն թարթիչներն այնպես, որ կոպերը փակվեն, հետո կրիայի դանդաղկոտությամբ սանտիմետր առ սանտիմետր սահեն ներքև՝ այտերն ի վար, վիզն ի վար, կրծքերն ի վար, անսահման երկար մեջքն ի վար:

Երբ հասնեն ոտքի մատներին, այնտեղից էլ ծծվեն հողի մեջ… հետո կիրք ու երազներ բերած խոնավությունից կծլի անմոռուկ, որի ամեն թերթիկ կհիշի և կբուրի անձրևի տակ երազող աղջկա մարմնի քրտինքի հոտով, որ մահկանցուն էլ զգա թաց մաշկի բույրը, ինչը միայն հին աստվածների բաժինն էր:

Անձրևն ամպերն են բերում: Անձրևը հովի համար է: Անձրևը տապակած հողին կենդանություն տալու համար է: Անձրևը գարնանը բողբոջ ծառերին ծաղիկ ու նեկտար բերելու համար է: Անձրևը փողոցային չարաճճին է, որից փախչում են ծածկի տակ , հենց հանդիպում են:

Եթե անձրև ես սիրում, ուրեմն լռիր արևի և աստղերի մասին: Ամպերն են բերում անձրև և այնպես փակում երկինքը, որ անգամ արևն ու աստղերն են ետ քաշվում, ասես բանբերն է եկել և միայն անձրևն է գոյը:

- Չգուշակեցիք: Ո՞վ եմ… ես տաք անձրև և ծով եմ սիրում:

Եթե տաք անձրև ես սիրում, ուրեմն մի խոսիր ձմռան և աշնան մասին, միայն գարուն և ամառ ասա, միայն՝ գարուն և ամառ:

Եթե աչքերդ ձեռքերի պես փակող անձրև են սիրում, ուրեմն՝ աղոթիր, երկնքից օգնություն աղերսիր, լաց եղիր, համբուրվիր, երազիր, հեզ եղիր ….:

Մենք անպայման փակում ենք մեր աչքերը երբ աղոթում ենք, երբ մենակ չենք կարող այլև տանել ինքներս մեզ և երկնքի օգնություն ենք աղերսում, երբ լաց ենք լինում վշտից կամ ուրախությունից, երբ համբուրում ենք նշխարք կամ կիսաբաց շուրթեր…. երբ հեզ ենք ու հաշտ ճակատագրի հետ՝ գլխահակ ու փակ աչքերով:

Եթե ծով ես սիրում, ուրեմն հանգիստ չփնտրես այս կյանքում: Ալեկոծ հոգիդ միայն տանջանք ու հորիզոնում հայտնվող առագաստների կարոտ է զգալու…անձրևը ծովում միշտ փոթորիկ է բերում:

Ներող եղեք: Հանդուժեք իմ շփոթմունքը:

Ես դեռ չեմ եղել ծովը թափվող տաք անձրևի տակ մերկ ու թրջված :

Ինչպես հանելուկների մեջ. այն ի՞նչն է, որ երբ երկինքն է կանչում՝ թափվում է կաթիլներով, հոսում շիթերով, բայց անձրև չէ: Տաք է՝ ինչպես մարաթոնից հետո մարզիկի մարմինը, բայց արևահարված չէ՝ դեռ մինչև արյան եռը: Սիրում է պահմտոցի խաղալ, բայց իրենից թաքցնեն և միայն ինքը լինի փնտրողն ու գտնողը: Թափանցիկ, հոսող դատարկություն է թվում, բայց անհագությամբ լցվում , հագենում է , երբ սահելով հասնում է հողին ՝ իր հետ տանելով թաց, հունցված հիշողություններ…բայց ծով է սիրում:

- Ո՞վ եմ…ես տաք անձրև, ծով , գիշեր և լիալուսին եմ սիրում:

Բարդ հանելուկ է: Ներող եղեք, թողեք մի քիչ էլ մտածեմ: Երկնքին նայեմ, երկրին նայեմ , ծովին նայեմ, փորձեմ արևին նայել, երկար գիշերներին լուսնին սևեռեմ հայացքս: Գուցե գիշերվա հով քամի՞ն ինձ հուշարար լինի: Լիալուսինն իրականություն չէ, արտացոլումն է արևի, որ կորցրինք օր առաջ, բայց դեռ կա մեր երևակայության մեջ: Միայն լիալուսնի մեջ է արտացոլվում արևն ամբողջությամբ:

Ներող եղեք, եթե հանկարծ ճիշտ չարտասանեմ ձեր անունը ՝ Կապույտ Լիալուսնի Ավազե Անձրև:

*******

Ավազե ծիր ծովի վրա.

Լիալուսնից գիշերվա քամուն հրաշք,

Եվ հոսեց կապույտ անձրևը ցած:

*******

Սպասեք, չհեռանաք, ներող եղեք, թույլ տվեք էլի մտածել … կասկածներ ունեմ դեռ…. միթե՞ գիշերվա աստղային երկնքում քարացած լիալուսնը կարող է անձրևել , առանց ամպերի, առանց որոտի, առանց կայծակի: Մանկության տարիներին հեշտությամբ էի լուծում հանելուկները, հիմա դժվարանում եմ…թույլ տվեք հպվել ձեր մեջքն ի վար սահող տաք անձրևի շիթերին, միայն այդքանը, գուցե զգայարաններս հուշեն:

Շնորհակալ եմ:

Հազվադեպ կամ երբեք

Ամեն արարված փոխվում, բռնկվում, հետո խամրում ու հեռանում է մեր աշխարհից, միայն արևի հրաշեկ լույսը և լիալուսնի փայլը չեն խամրում:

Արևին ուղիղ չես կարող նայել ՝ դեմքով դեպի երկինք, միայն լուսինը թույլ կտա անթարթ սևեռվել իր արծաթափայլ երազահան դեմքին:

Ո՞վ ես… ինչու՞ եմ հիշում քեզ ապագայում պատրանքի պես: Ինչու ես այդքան հարազատ անցյալում, որ ասես երկատվել է մարմինս ու հոգի: Ինչու՞ ես ցնցում ներկան, ասես նորից եմ ծնվել և կանգնել ինքս իմ դիմաց:

Արևի ծնունդ, Լուսնի զավակ: Բացում ես աչքերդ՝ նայում աշխարհին, փակում ես աչքերդ՝, նայում աշխարհիդ:

Աշան քամին փնտրում է հրաշք միայն լուսնի փայլով գիշերվա մշուշներում, երբ այլևս չես հիշում մարմինդ, միայն զգայարաններ են կառավարում արյունդ և անմարմին թեթևությամբ հետևում հմայող քամուն:

Դու ծեր էիր արդեն մանկուց: Այլոք իրենց տարիքը հաշվում են տարիներով՝ գարուն, ամառ. աշուն, ձմեռ.. դու հաշվում ես լուսնի կերպարանափոխություններով: Այլոք տարին մեկ անգամ են նշում իրենց ծննդյան օրը, դու գիտես, որ ամեն ամսվա լիալուսնի օրերը քո ծննդյան օրերն են:

Օրհնյալ պարբերությամբ լուսնի աղեղը օրն օրի պրկվում է, ձգվում կուպիդոնի լարի պես մինչև վերջին ճիգը …թվում է ,թե հիմա ահասարսուռ որոտով նետ կարձակի և աշխարհդ կշրջվի գլխիվայր, քանի դեռ փակ են աչքերդ:

Ի վերջո կամարն ու լարը լռությամբ շրջան էին կազմում՝ լիալուսնի կերպարով, աշխարհը տնքում էր նետահարվածի ցավով, աշխարհը, բայց ոչ աշխարհդ:

Իսկ քամին հրաշքի է սպասում անգամ լիալուսնի փայլով գիշերներին:

Լիալուսինն անկրկնելի չէ: Հիասքանչ է, սակայն հրաշք չէ: Լիալուսնի ժամանակ չի անձրևում: Եթե անձրևի, ուրեմն հրաշք է:

Հրաշքին սպասել է պետք: Անհույս կամ հուսով, հավատալ է պետք:

Հրաշքը Կապույտ Լիալուսինն է, որ անձրևում է ծովի վրա: Դա այն լիալուսինը չէ, որ փուլ առ փուլ աճում, վերածվում է լիալուսնի: Այս մեկը միանգամից է հայտնվում, ինչպես երկնքի ընծա, երևում է մի պահ և նորից անհետանում, զիջելով տեղը սովորական , բայց հիասքանչ լիալուսնին:

Իսկ ուսյալ և անհավատ աստղագետները հավատացնում են, որ այս երեւույթը տեղի է ունենում 2-3 տարին մեկ անգամ։ Նրանք դա բացատրում են հետեւյալ կերպ. երկու լիալուսինների միջեւ ընկած է 29,53 օր, ինչը ամսվա միջին տեւողությունից մի փոքր պակաս է։ Այդ պատճառով 2,7154 տարին մեկ օրացույցում լրացուցիչ լիալուսին է առաջանում՝ հիշեցնելով, որ տարվա ընթացքում սովորական 12 լիալուսնի փոխարեն կարող է լինել 13-ը։

Չոր տրամաբանությամբ աստղագետները բարդ հաշվարկներով են սպասում, իսկ խենթը՝ անսահման երևակայության մեջ թաթախված զգայարաններով:

13-րդ լուսինը

*****

Անձրև.

Տաք անձրև…ընդամենը չարաճճի մի պահ,

Եվ հոսեց լիալուսնի արտացոլումը ցած:

******

Պետք է համբերատար սպասել, որ 2,7154 տարի հետո մեկ րոպե շնորհ իջնի և տեսնես կապույտ լիալուսին՝ 13-րդը:

Պետք է համբերատար սպասել, մինչև մի ողջ կյանք կարոտից ու սպասումից անհնազանդ զգայարաններիդ վրա շնորհ իջնի և տեսնես հրաշքը:

Այս լուսինը չի ուզում, որ իր և երկրի միջև հողեղեն ցամաք լինի: Հողը չի կարող արտացոլել լուսինը և նրա խորհրդավոր գեղեցկությունը: Եթե անգամ հողն արտացոլի լուսնի շուքը, այն կարող է ոտնատակ լինել, կեղտոտ կրունկի ձև ստանալ , եթե արտացոլվի արահետին կամ ճամփաներին:

Այս լուսինն ուզում է, որ իր երկրի միջև ծովը լինի, որ իր արտացոլումը ծովի ալիքների հետ երկարի մինչև հորիզոն: Ծովն էլ մութ ու չբացահայտված խորքեր ունի, ինչպես այն խենթը, ով ամեն գիշեր սպասում, հետևում է, թե երբ քամին հրաշք կգտնի:

Երբ լիալուսնի արտացոլումը զույգ խենթերի մութ սենյակի մետաքս վարագույրի պես քամուց հևում է ծովի հորիզոնում, գիշերվա սևությամբ ալեկծվող ծովը հանկարծ հիշում է իր արշալույսի կապույտը և ինքն էլ է արտացոլվում լիալուսնի վրա…. և կապույտ լիալուսինը հայտնվում է հրաշքի պես:

Դու չբեղնավորված հիշողությունների արտացոլանքն ես:

Ինչպես աղանդավորի մոլորությունը, մարդիկ կարծում են, որ բոլոր հիշողությունները տերունական են, անհատական, ամեն հիշողություն բակապահ շան պես իր տերն ունի: Մոլորություն է: Կան հիշողություններ, որ արարվել են, սակայն դեռ չեն հիշվել, չեն բեղմնավորվել, չեն այրվել բոցով, նման մոմի, որ դեռ չի մոտեցել այրող ձեռքը և չի վառել դրանց: Կան հիշողություններ, որ նման են դրախտի մասին գրված վերափոխման ֆիլմի սցենարի, ուր դեռ չեն ընտրվել Ադամի և Եվայի դերակատարները, սկզբում միամիտ երեխաներ, հետո՝ այր և կին:

Ինչպես փաթեթավորված թանկարժեք նվերը, որ դեռ չի հանձվել , չի բացվել, իսկ բացողը հրճվանքով չի ցնցվել անսպասելի պատկերից:

Կան հիշողություններ, որ ունեն բուրմունք, անչափելի ջերմություն, հացի սպիտակություն, մշուշի փափկություն, գինու խնդություն, հրճվանքի դող, հավերժության համ … և սպասում են նրան , ով պատրաստ է տեր կանգնել և իր զգայաններով ներծծել սեփական արյան մեջ, խնամքով շարելով ենթագիտակցության մեջ, ինչպես չքնաղ մարգարիտների շարան:

Կան հիշողություններ, որոնք անքննելի են դատաստանի օրը, քանի որ արարվել ու շնորհ են արվել երկնքի կողմից:

Անձրև չէ, ջերմող հիշողությունների ավազահատիկների ներքև իջնող ծիր է:

Կապույտ լիալուսինը չբեղմնավորված հիշողությունների հատիկներից ավազե ժամացույցի է նման, ընդամենը՝ մեկ րոպե: Սակայն կապույտ արծափայլ գնդի ծորացող հատվածն ազատ է, ինչպես երևակայությունը: Հատիկները փոքրիկ աստղերի պես թափվում են ցած՝ ծովը, ուր արտացոլվում են հիշողությունները: Եվ ավազահատիկների անձրևի ծիրը հասնում է մինչև ծովի հայելին՝ ասես լուսնի աստղաթափ է:

Երբ զույգ խենթերի մութ սենյակի մետաքս վարագույրի հետևում ցանկալի ձեռքերը սահում են մարմնացած լուսնի բարակ մեջքն ի վար, ամեն շարժման հետ զգայարաններին պարգևելով հիշողություններ, այդ պահից երկնքում հայտնված կապույտ լիալուսնի ավազահատիկների հոսքը հրաշք գտած քամին ոլորելով թափում է ցած, հասցնում ծովի դառնացած ու աղի ալիքներին, առաջին իսկ շփումից բեղմնավորում և վերափոխում արդեն ծովին ի պահ տրված հիշողություններ…իսկ հատակին նրանց սպասում են խեցիները, որ ամեն հատիկ փակվի արարչական գաղտնիքի պես:

Մարգարիտներ

Ծովի հատակին ավազն ու ավազահատիկները անհաշվելի են , բայց դրանք երբեք մարգարիտներ չեն դառնում, խեցիները դրանց հիշողության հատիկներ չեն համարում: Միայն նրանք, որոնք ծնունդն են երկնքում հրաշքի պես հայտնված կապույտ լիալուսնի և իջել են հատակը, երկնքում՝ մեկ րոպե, հատակում ՝ խեցու մեջ փակված հավերժություն:

Իսկ ի՞նչ են ասում ուսյալ ու անհավատ այրերը որ վխտում Վիքիպեդիաներում , ովքեր չեն հավատում հրաշքներին և ամեն անգամ որևէ կենցաղային բացատրություն են գտնում: Կենցաղը հեշտ ու արագ է կլանում մարդուն:

Ի՞նչ է ասում կենցաղը:

Թեև գերզգայուն մոլորյալների ու վառ երևակայություն ունեցողների մոտ համոզմունք կա, գրում են ուսյալները, որ մարգարիտն անմիջական կապ ունի մի շարք տիեզերական մարմինների հետ, որոնք ոչ միայն պայմանավորում են նրա ծնունդը, այլև կյանքը (թանկարժեք քար լինելուց բացի մարգարիտը նախ և առաջ կենդանի քար է), այսպես, մարգարտի ծագումը և աճը հաճախ կապվում է Նեպտունի էներգիայի հետ, նրա գերզգայնաթյունը և էներգիան համարում են Լուսնի ընծան, խորհրդավորության նշան, իսկ շքեղության տարրը պայմանավորում է Վեներան։ Բայց, իրականում, մարգարիտը, որ համարվում է բնության պարգևած ամենագեղեցիկ քարերից մեկը, խեցիների մարմնում զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացում է և կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին՝ հիմնականում ածխաթթվային կալցիումից։ Առաջանում է խեցու մեջ կողմնակի առարկա (օրինակ՝ ավազահատիկ) ընկնելու դեպքում, երբ նրա շուրջը սկսում է կուտակվել սադափը։ Մարգարիտի փայլը պայմանավորում է նաև արևի բեկված ճառագայթը,որն ապահովում են օվկիանոսի մշտական շարժուն ալիքները:

Հակադարձենք;

Այդ դեպքում ինչու՞ եթե մարգարիտը միանգամից հանեն ափում խաչված խեցու մարմնից և այն արևի լույս տեսնի, կխամրի՝ միանգամից, և կվերածվի անարժեք ու անփայլ քարի կտորի: Այդ պատճառով էլ այն մշակում են են մթության մեջ՝ արդեն արհեստական փայլ տալով: Մարգարիտն արևի ծնունդ է, բայց գիշերվա զավակ է: Չէ որ դրանք բեղմնավորված հիշողություններ էին, որ ի պահ էին տրված ծովին և խեցուն: Բայց դրանք արդեն հավերժությանը որպես գաղտնիք ի պահ տրված հիշողություններ չեն, պարզապես անկենդան փայլով զարդ են:

Հիշողությունների մարգարիտների շարանը դրանց տերերը կրում են իրենց հոգու մեջ ոչ որպես զարդ, այլ որպես իրենց արդեն բավարարված հինգ զգայարանների խուրցը ծածկող Եմիփորոն:

Դու իմ զգայարանները սանձող հինգ արծաթ խաչերով ու բազում մարգարիտներով զարդարված Եմիփորոնն ես.

 ********

Իսկ հինգ խաչն յեմիփորոնն,

թե հինգ զգայարանքս խաչեալ է աշխարհի

եւ ի ցանկութեանց սորա: Ամեն:

*********

Է.Հ.

2015

© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Էդիկ Հովսեփյանի Տեր, ընդունիր ինչպես կանք նովելների շարքից
    
ՄՇԱԿՈՒՅԹ-ԼՐԱՀՈՍ

Վանաս – Սերը ջանք է, ցավ է, հոգս է, ամենօրյա ծանր գործ է [02.01.2016]

Օվսաննա Բաղումյան – Հուսահատ երազողների ժամանակը [27.12.2015]

(Տեսանյութ)Հեղափոխություն շոու բիզնեսում.ձայնը հաղթեց կիսամերկ մարմիններին [26.12.2015]

Отец Савва. что такое Божий промысел и как он проявляется [26.12.2015]

Էլդար Ռյազանովի հրաժեշտի բանաստեղծությունը. մնաս բարով անարդարություն[12.12.2015]

Վարդգէս Գուրուեան- Վերադարձ Դէպի Իսթանպուլ.. [04.12.2015]

Ի՞ՆՉ Կ՛ԸՍԷ , ԹԷ՝ WHAT IS SHE SAYING [26.11.2015]

Իրինա Սարիբեկյան - Անցյալն է ներկան, ներկան աշունն է [25.10.2015]

Գանձասարում բացվել է Մաշտոցի անվան մատենադարան-«Գանձասար» գիտամշակութային կենտրոն [22.10.2015]

Lav Eli խմբի հոբելյանական համերգը Երևանում [17.11.2015]

1969 Փելեշյանի ՄԵՆՔ-ն առանց 2015-ի ինքնահրկիզման կադրերի [11.11.2015]

Էմիր Կուստուրիցան եւ No Smoking Orchestra-ն Երեւանում [10.11.2015]

Հալէպի մէջ Ողորմութեան Յոբելենական տարւոյն բացումը կը կատարուի 13 դեկտեմբերին [08.11.2015]

Հալէպի մէջ Ողորմութեան Յոբելենական տարւոյն բացումը կը կատարուի 13 դեկտեմբերին [07.11.2015]

Վարդգէս Գուրուեան-Շնորհաւոր ըլլայ, Մեծ Ուսուցիչ,վարձքդ կատար [04.11.2015]

Հրանտ Մաթևոսյան - ԳՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ [04.11.2015]

ԵՐԲ ՈՐ ՄՈՒՍԱԴ ԱՅՑԻ ՔԵԶ ԳԱՅ [03.11.2015]

Թուրքիան աշխարհի տարբեր երկիրներու մէջ 800-է աւելի նոր մզկիթներ պիտի կառուցանէ [02.11.2015]

Եթէ 1915-ի ջարդերը տեղի ունեցած չըլլային, այսօր Սեբաստիա - Սվազի մէջ 217,000 հայեր պիտի ապրէին [28.10.2015]

Մի նկարի պատմություն - Le Tumulte Noir [25.10.2015]

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ - ՀԱՅ ՄՈՒԿԸ [22.10.2015]